ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կյանք` մահից հետո

Կյանք` մահից հետո
05.06.2009 | 00:00

ՀՈԳԻՆԵՐԸ ԴՐԱԽՏՈՒՄ ԵՎ ԴԺՈԽՔՈՒՄ
ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
Ոմանք քրիստոնեությունը հիացմունքով գերեզմաններ փորել են դիտել տալիս, ասես, ինչ-որ չափով հոգին պսակելով հողի հետ: Ասես չար նպատակով այդ անեն: Պիտի ասենք, որ նման մտածելակերպը որոգայթ է, որովհետև քրիստոնեությունը հոգու պսակումն է երկնքի հետ, որ Աստծո Հոգուն միանալով է լինում: Եվ այդ ըմբռնումը հստակ է ու հարության միջուկով:
Հավիտենական կյանքի շարունակականությունը մարմնե անոթում, կյանք, որ չի ընդհատվում. Աստծո Հոգու գիտակցության այդ հաղթանակի մեջ էր, որ Հովհաննես առաքյալն աղաղակեց. «Էլ ուր ես, ով մահ, ուր է քո խայթոցը»: Հաղթանակի ճիչ, որ միայն Աստծո Հոգին ընդունելով է մարդ իր մեջ տեսնում: Հիսուս ասում է. «Թող մեռելները թաղեն իրենց մեռելին, իսկ դու արի իմ հետևից»: Այսինքն, ովքեր հիացմունքով այլոց համար գերեզմաններ փորելու հետևից են և այդ հոգևորն են ցույց տալիս, այդ իրենց ցանկությունն է, երբ վարդապետությունը չընդհատվող կյանքի համար է: Այնուամենայնիվ, թաղման կարգերը վստահված են օծյալ քահանաներին, ովքեր իրենց գործն առավել լավ գիտեն և երբևէ հիացած չեն գերեզմանների փոսերով, որ չարություն է, որովհետև ոչ թե մեռնելն է վարդապետություն, այլ կյանքի մեջ անընդհատ լինելը` մարմնով ապրենք, թե մեռնենք: Եվ այդ լույսն իր մեջ ստվեր կամ խավար չունի: Այդ անընդհատ կյանքի մասին են և այս վկայությունները։
«ԻՄ ԱՍՏՎԱԾ» ԱՍԵԼՈՎ` ՀՈԳԻՆ ԱՎԱՆԴԵՑ»
«Կլինիկական մահից դառնալով սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար` Զարեհ Տեր-Սահակյանցը սկսեց աղոթել»,- նշանավոր այս մարդու մասին արժեքավոր այս վկայությունը սրտաբան բժիշկ Նորայր Մանգոյանն է վերջերս պատմել Խաչիկ Ստամբոլցյանին: Նորայրը ԽՍՀՄ տարիներին Երևանի սրտաբանական ինստիտուտում բժիշկ էր, և ռադիոհեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Զարեհ Տեր-Սահակյանցին ինքն էր բուժում:
-Եվ երբ Զարեհը կլինիկական մահվան մեջ էր ու դեղորայքների սրսկումով նրան երկու անգամ «հետ բերեցինք», դժգոհեց, որ վերակենդանացրել ենք, ասաց, թե այնտեղից, ուր ինքն էր գտնվում, չարժեր հետ վերադառնալ: «Ես մի չքնաղ ու բուրումնավետ դաշտավայրի մեջ էի, ուր հրաշալի երաժշտություն էր հնչում»,- խոստովանեց Զարեհը: Ապա սկսեց աղոթել, այնուհետև հայերեն աղոթքից անցավ անգլերենի, իսկ հետո` «ի՛մ Աստված, ի՛մ Աստված» ասելով, ասես Տիրոջն էր տեսնում, իր հոգին ավանդեց:
Դրախտի արժանացած մեկ այլ հիվանդի մասին էլ է բժիշկը վկայել. դպրոցի մի տարեց տնօրեն, որին երբ կլինիկական մահից հետ բերեցին, յոթ օր անց մահացավ, սակայն «հետ գալուց» սկսած ամեն օր դժգոհում էր բժշկից, թե ինչու հետ բերեցիք, հրաշալի մի վայրում էի, ուր ամենևին ցավ չկար ու երանելի էր ամեն բան: Այսինքն, այնկողմնայինում, ով արդար է ապրել, իր հոգևոր գիտակցությունը, ինքնաճանաչումն ու «նոր» իրավիճակի ճանաչումը չի կորցնում, այլ արժանահավատորեն պահպանում է: Եվ ոչ միայն այդքանը, որովհետև Աստծո կամքով նաև սուրբ վարքով ապրած մարդկանց երևումներ են լինում։
ՇՈՒՇԻԻ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԻՑ ԱՅՑԵԼԵՑ ՀՈԳԵՎՈՐ ՄԻ ԱՅՐ
(Այդպիսի մի վկայություն ինձ պատմեց Հայ եկեղեցասիրաց տիկնանց պատմամշակութային միության նախագահ Ֆլորա Շահգուլյանը)
2005 թվականի ամռանն էր: Ֆլորան Արցախ է մեկնում Արցախի տիկնանց օգնությամբ աղանդների դեմ քարոզելու և որդուն, որն Արցախում էր ծառայում, տեսնելու: Որոշ ժամանակ հարկ էր, որ ապրեր Արցախում: Սրբազան հայրը` Պարգև արքեպիսկոպոսը, տիկնոջը տեղավորում է Շուշիի թեմի հյուրանոցում:
-Ողջ հյուրանոցում մենակ էի, ուրիշ բնակիչներ չկային,- պատմում է քույր Ֆլորան:- Եվ մի օր, հյուրասենյակում նստած գրքեր էի թերթում, հարցեր գրի առնում, նախապատրաստվելով տիկնանց հետ առաջիկա հանդիպմանը, երբ հանկարծ ննջասենյակիս դուռը բացվեց և վեհ ու ազնվական դիմագծերով, մինչև հատակը հասնող սքեմ հագած բարձրահասակ մի քահանա դուրս եկավ: Ասես սահելով գնար, նուրբ, էլաստիկ ընթացքով, ասես քայլելու ծանրություն չուներ, իսկ առաջ գնալու համար ուժ չէր գործադրում: Գնաց դեպի դուռն ու դուրս եկավ: Ահա կենդանի տեսիլքի արժանացրեց ինձ Աստված: Մինչ գոհանում էի այդ տեսիլքով, մի պահ թվաց, թե մարդ կա հյուրասրահում, որ չի երևում: Վեր ելա, շուրջս նայեցի: Ոչ ոք չկար: Եվ կենդանի մի զորություն մտավ աջ ձեռքիս մեջ և իմ ձեռքով գրել տվեց բաներ, որ աղանդների դեմ Արցախում իմ կատարած գործի համար քաջալերանք էր: Գրությունից մի բան էլ հասկացա, որ իմ մեջ կարևորվում էր իմ հոգեկիր լինելը, այն, որ խոսելիս բարի, դրական դաշտ էր ստեղծվում իմ շուրջ և քիչ խոսքերով էլ այն փոխանցվում էր լսողներին, հույս տալիս ու քաջալերում նրանց: Այս գրությունն ասես ինձ ուղղված ոգևորող մի նամակ լիներ իմ իսկ ձեռքով: Իսկ վերջում ձեռքս ստորագրեց` Սահակ Պարթև:
Ես որքան գնացել եմ Արցախ, միշտ էլ լցվել եմ հոգևոր բարերար զորությամբ, որն ակնհայտ արտահայտվել է Հայաստանում կատարած իմ աշխատանքներում էլ: Ասես ծարավ մեկն աղբյուր գնա, ջուր խմի և ավելի ժրաջան ու կյանքի սիրով լեցուն հետ դառնա,- վկայեց տիկին Ֆլորան:- Մինչ այդ, տարիներ ի վեր, երբ Արցախում դեռ չէի եղել, երազում, տեսիլքի ձևով տեսնում էի բնության զարմանալի տեսարաններ` դաշտեր ու այգիներ, կարծում էի, թե Աստված ինձ դրախտն է ցույց տալիս: Սակայն երբ Արցախում եղա և բնության ճիշտ նույն տեսարաններն այնտեղ տեսա, հասկացա, որ տեսիլքի մեջ Արցախն էի տեսնում, Արցախից առնում դրախտի համն ու հոտը:
Եվ քանի՜ քանիցս և քանի՜-քանի նամակներ կարող ենք ստանալ մեր նշանավոր և թանկ մեծերից, եթե ապրենք արժանավայել, ըստ Ավետարանի:
ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔՅԱԼԻՆ ՏՐՎԱԾ ԴՐԱԽՏԻ ԵՎ ԴԺՈԽՔԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ
Ավետարանում Տերը խոստացավ Պետրոս առաքյալին դրախտի և դժոխքի բանալիները, և Պետրոսի միջոցով էլ վկայվեց, թե ինչ բարիքներ են սպասում բարեպաշտներին և ինչ չարիքներ` անողորմներին և մեղսապաշտներին: Թե ինչու Տերը Պետրոսին այդ բանալիները տվեց, այսօր այդ մասին չխոսենք, այլ որ այդ բանալիները Պետրոսը նաև գրվածքով արտահայտեց և թե՛ դրախտը, թե՛ դժոխքը տեսնելով` պատմեց լսողներիս` հստակ ու ազդու պատկերելով իր տեսածն ու լսածները, որ դրանցից օգուտ քաղենք:
Կարծում եմ, օգտակար է հիշել Պետրոս առաքյալի հայտնությունը, որ վկայություն է դրախտին և դժոխքին արժանացած ննջեցյալների հոգիների մասին: Ասենք, որ Պետրոսին Հիսուսը ցույց է տալիս դրախտն իր բնակիչներով և դժոխքն իր տանջարաններով ու պատժվողներով։ Այսինքն, յուրաքանչյուրս մեր վարքով մեր ընտրած ճանապարհի վաղվա պատասխանատուն ենք այսօր, քանի որ Աստծո առջև աչառություն չկա։ Մեջբերենք Պետրոսի Հայտնությունից դրախտի և դժոխքի միջավայրերից հատվածներ։
ԴՐԱԽՏ
«Եվ Տերը ցույց տվեց այս աշխարհից դուրս մի հսկա տարածություն՝ գերպայծառ լույսով փայլող, օդն այնտեղ փայլատակում էր արևի ճառագայթմամբ, հողը ծաղկել էր անթառամ ծաղիկներով, լի էր բուրմունքով և օրհնյալ պտուղներ տվող գեղեցկածաղկուն հավերժ բույսերով: Եվ ծաղկումն այն աստիճան առատ էր, որ բուրմունքն այնտեղից հասնում էր մեզ: Իսկ այդ տեղի բնակիչները հրեշտակների լուսավոր զգեստներ էին զգեցել, և նրանց հագուստը նման էր իրենց երկրին: Այնտեղ, նրանց միջև, ճախրում էին հրեշտակները: Այդպիսին էր գեղեցկությունը նրանց, որոնք ապրում էին այնտեղ, և նրանք միաձայն փառաբանում էին Տեր Աստծուն՝ ուրախանալով այդ տեղում... Տերը մեզ ասում է. «Սա ձեր՝ քահանայապետերի, բարեպաշտ մարդկանց տեղն է»...
ԵՎ ԱՊԱ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ Է ԴԺՈԽՔՆ ԻՐ ՏԱՆՋԱՐԱՆՆԵՐՈՎ
Ես տեսա դրա դիմաց և այլ, շատ խավար մի տեղ: Դա պատժելու տեղն էր: Այնտեղ պատժվողներն ու պատժող հրեշտակներն ունեին այդ տեղին պատշաճող մթին հագուստներ: Ոմանք այնտեղ կախված էին լեզուներից: Դրանք արդարության ճանապարհը հայհոյողներն էին, նրանց տակ վառվում էր բոցկլտացող կրակն ու տանջում էր նրանց: Եվ այնտեղ մի լիճ կար՝ լի բոցավառվող տիղմով, այնտեղ գտնվում էին արդարությունը խեղաթյուրողները: Նրանց հսկիչ էին նշանակված տանջող հրեշտակները: Այդ եռացող տիղմի վրա կային նաև կանայք՝ կախված իրենց մազերից: Դրանք այն կանայք էին, որ զուգվում էին շնանալու համար, իսկ նրանք, ովքեր զուգակցվում էին նրանց հետ պոռնկության ապականությամբ՝ կախված էին ոտքերից, իսկ նրանց գլուխներն ընկղմված էին տիղմի մեջ, և նրանք ասում էին. «Մենք չէինք կարծում, թե կընկնենք այստեղ»... Եվ ես տեսա մարդասպանների ու նրանց հանցակիցների` նետված մի զնդան, որը լիքն էր չար սողուններով, այդ գազանները կրծում էին նրանց՝ տանջանքների մեջ գալարվողներին. և արգանդները նրանց փակվել էին խավարի ամպերի նման: Եվ սպանվածների հոգիները՝ կանգնած ու հետևելով մարդասպանների պատժին, ասում էին. «Աստված, արդար է դատաստանը քո»: Այդ տեղի մոտ տեսա մեկ ուրիշ նեղ տեղ, ուր թափվում էին պատժվողների արյունն ու անմաքրությունները և կազմում լիճ: Այնտեղ մինչև վիզը արյան մեջ նստած էին կանայք, իսկ նրանց դիմաց նստել ու լաց էին լինում երեխաներ, որոնք ծնվել էին ժամանակից շուտ: Նրանցից ելնում էին հրո ճառագայթներ և խփում կանանց աչքերին: Դրանք ապօրինի հղիացածներն ու պտուղը ոչնչացնողներն էին: Այնտեղ կային էլի տղամարդիկ ու կանայք՝ մարմինների կեսը կրակի մեջ: Նրանք նետված էին մթին տեղեր: Նրանց խարազանում էին չար ոգիները, որդերը խժռում էին նրանց ներսը: Դրանք այն մարդիկ էին, որ հետապնդել էին արդարներին ու մատնել նրանց: Նրանց կողքին ևս կային տղամարդիկ ու կանայք, որ կծում էին իրենց շրթունքները, նրանք տանջվում էին և շիկացած երկաթով հարված ստանում աչքերին։ Դրանք բարեպաշտության ճանապարհը հայհոյողներն ու անարգողներն էին: Իսկ նրանց հակառակ կողմում կային ուրիշ տղամարդիկ ու կանայք ևս, որոնք կծում էին սեփական լեզուն, և նրանց բերանը լցված էր կրակով: Դրանք սուտ վկայողներն էին: Իսկ մի այլ տեղում կային թրերից ու նիզակներից էլ սուր կայծքարեր, որոնք շիկացած էին, և կանայք ու տղամարդիկ, որ հագած էին կեղտոտ փալասներ, տառապագին թավալվում էին նրանց վրա: Դրանք այն հարուստներն էին, ովքեր ապավինել էին իրենց հարստությանը՝ չկարեկցելով որբերին ու այրիներին և արհամարհել էին Աստծո պատվիրանը: Մեկ այլ մեծ լճում, որ լի էր կրակով, արյամբ ու եռացող տիղմով, մինչև ծնկներն ընկղմված էին տղամարդիկ ու կանայք: Դրանք վաշխառուներն ու տոկոսների դիմաց տոկոսներ գանձողներն էին: ՈՒրիշ տղամարդիկ ու կանայք հսկա ժայռերից վայր նետվելով, ընկնում էին ցած, իսկ նրանց վրա կարգված հսկիչները կրկին քշում էին նրանց և ստիպում բարձրանալ ժայռն ու նորից գահավիժել ներքև. և նրանք հանգիստ չէին ստանում այդ տանջանքի մեջ: Այդ նրանք էին, որոնք դառնալով կանանց պես՝ պղծում էին իրենց մարմինները, իսկ նրանց միջի կանայք նրանք էին, որ պառկում էին միմյանց հետ, ինչպես տղամարդը կնոջ: Իսկ այդ ժայռի մոտ կար մի տեղ՝ հզոր կրակով լեցուն, և նրա մոտ կանգնած էին մարդիկ, որոնք սեփական ձեռքերով պատրաստել էին կուռքեր իրենց համար՝ Աստծո փոխարեն: Նրանց մոտ այլ տղամարդիկ ու կանայք հրե գավազաններով հարվածում էին միմյանց՝ չդադարեցնելով այդ պատիժը... Նրանց մոտ կային այլ տղամարդիկ ու կանայք ևս, որոնց այրում, տանջում ու խորովում էին. դրանք Աստծո ճանապարհը թողածներն էին:
ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ ՏՎՈՂԸ ՉԻ ԴԱՏՈՒՄ
Հրեաներին սարսափեցնում էր, որ Հիսուսը մեղքերին թողություն էր տալիս, սակայն Հիսուսը քրիստոնյաներիս ևս իշխանություն և պատվեր տվեց միմյանց մեղքերին և այլոց մեղքերին թողություն տալ: Մեղքերի թողություն տվողը չի դատում, այլ մեղքը թողնում է գործողին, որ նա Աստծո առաջ ապաշխարի: ՈՒստի բարերարություն է թե՛ ապրողների, թե՛ ննջեցյալների մեղքերի համար թողություն խնդրելը, քանի որ այդպես մեր մեղքերն էլ Աստված մեզ է թողնում, որ մենք դրանք հնարավորություն ունենանք ապաշխարելու: Այս կարևոր հարցին կրկին պիտի անդրադառնանք: Մեծապես օգտակար է, որ ոչ թե այլոց մեղքերը դատենք, այլ թողություն տանք, որպեսզի Աստված էլ մեր մեղքերը չդատի, այլ թողնի, որ ապաշխարենք: Մեղքերը կապելու (չթողնելու) իրավունք ունի քահանաների միաբանությունը, երբ այդ մեղքերի հեղինակները կարող են շատերին ու ողջ ժողովրդին ակնհայտ չարությամբ վնասել:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3615

Մեկնաբանություններ